38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԱԲԵՂՅԱՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԵՄ ԵՆ ԵՂԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ»

«ԱԲԵՂՅԱՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԵՄ ԵՆ ԵՂԵԼ ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ»
23.04.2010 | 00:00

«Բառը նման է ծառի, եթէ արմատը ոչնչացնում են, այն այլեւս գոյութիւն չունի» (Լեւոն Միրիջանեան)։
«Մոսկվա» կինոթատրոնում վերջերս տեղի ունեցավ «Յարութիւն» վավերագրական-ուսուցողական ֆիլմի (ռեժիսոր` Ստեփան Զատիկյան) պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է «Լևոն Միրիջանյան» հիմնադրամը, մտահղացումը «Մեսրոպյան ուղղագրության վերականգնման կողմնակիցների միավորմանն» է: Առանցքում դասական միասնական ուղղագրության հարցն է, ներկայացվում են պատմական փաստեր ու խնդրի շուրջ` ներկայիս հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների, հոգևոր առաջնորդների մեկնաբանությունները:
«Հայ ազգային հատկանիշներից կարևորագույնը լեզուն է և նրա հիմքը հանդիսացող գիրը: Առանց լեզվի իմացության ազգային ինքնագիտակցությունն անարմատ ծառ է` դատապարտված անէացման»,- ասվում է ֆիլմում և փաստվում, որ 1922-ին հայ ժողովրդի 1500-ամյա ուղղագրության փոխարինումը նոր խորհրդային աբեղյանական կոչված ուղղագրությամբ գիտակրթական ոլորտի բարեփոխում չէր ենթադրում, այլ քաղաքական-հեղափոխական հատուկ նպատակ: «Մարդկությանն ու մանավանդ հայ ժողովրդին այդքան չարիք պատճառած բոլշևիկները պարտադրում էին ընդունել, թե հայության բարին կամենալով են փոխել ուղղագրությունը, չհամաձայնողների հետ բացատրական աշխատանքները շարունակում էր կոմունիստական պատժիչ համակարգը` չեկան: Բոլշևիկյան ռեֆորմիստներին ավելորդ էին թվացել հայերենի «օ», «է», «ւ» տառերը: Է տառը քրիստոնյա հայերի համար նաև Արարչի խորհրդանիշն է: Դա միայն տառի վերացում չէր, դա հայ մտածողությունից հավատի արտահանման փորձ էր»: Ոչ միայն: 1926-ին «Մարտակոչ» թերթում Պողոս Մակինցյանի հայտարարությունից պարզ է դառնում ազգային այբուբենների վերացման մարմաջը: Առավել հստակ է Ստալինի խոսքը. «Պրոլետարիատի դիկտատուրա հաստատելով` ազգային մշակույթների (և լեզուների) բուռն ծաղկումը մեկ երկրի մեջ նպատակ ունի պայմաններ ստեղծել դրանք ոչնչացնելու և ձուլելու մեկ ընդհանուր սոցիալիստական մշակույթի (և մեկ ընդհանուր լեզվի) մեջ` ամբողջ աշխարհում սոցիալիզմի հաղթանակի ընթացքին»: Այսպիսով, բոլշևիկներն օգտագործեցին պատմաբան և գրականագետ Մանուկ Աբեղյանի փորձարարական առաջարկությունը, մինչդեռ իր ժամանակին Մանուկ Աբեղյանն ասել է. «Փոփոխություն, իմ կարծիքով, պետք է և կարելի է անել որոշ չափով, բայց եթե որևէ փոփոխություն պետք է վերացնի մեր ուղղագրության միասնությունը և մեր երկու գրական լեզուներն իրարից ավելի հեռացնի, ավելի լավ է, որ չլինի»:
Ազգային մտավորականներ Լևոն Միրիջանյանը, Լևոն Խաչերյանը, Կարեն Սիմոնյանը և մյուսները խորհրդային ուղղագրությունն անվանում են խեղագրություն: ՈՒշագրավ է Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինի մոտեցումը. «Տգետ գյադան հրապարակել է խելքին փչած ցանկապատային ուղղագրություն և պետք է հնազանդվել, պետք է գրել այնպես, ինչպես լակոտներն են գրում պատերի վրա…»:
«Ազգերի դեմ ուղղված իրենց ռազմավարական դավադրությունում բոլշևիկները տեղական հլու-հնազանդ կամակատարներ ունեին,- ասվում է ֆիլմում` էջ առ էջ բացելով պատմական փաստաթղթերը։- Պողոս Մակինցյան անունով մի բոլշևիկ պատասխանատու 1924-ին գրում է. «Պետք է արխիվ նետել սահակ-մեսրոպյան անկյունավոր, տգեղ և աչքերի համար վնասակար այբուբենը»:- Ի հակառակ մեջբերվում է Պարույր Սևակի խոսքը. «Մեկ միասնական ուղղագրության հարցի մասին ես արդեն քանի տարի, նստեմ թե կանգնեմ, այդ նույնն եմ բոռում: Առիթ բաց չեմ թողնում ասելու, որ մեր սխալաշատ գործունեության մեջ ամենամեծ սխալը, Սևանա լճի խնդրից է՛լ ավելի վտանգավոր քայլը, եղել է մեր ուղղագրության «բարե»փոխումը»: Պատմական աղբյուրները վկայում են, որ աբեղյանական փոփոխություններին դեմ են եղել Հ. Թումանյանը, Հր. Աճառյանը, Ստեփան Մալխասյանցը, ընդհանրապես, ժամանակի գրեթե բոլոր հայ մտավորականները»:
Անաստաս Միկոյանի շնորհիվ հաջողվում է անցյալ դարի քառասունականներին զգալիորեն վերադարձ կատարել դեպի դասական միասնական ուղղագրություն, վերականգնվում են օ և է տառերը: Ֆիլմում հիշատակվում է, որ Հայաստան այցելած Անաստաս Միկոյանն ամենուր հանդիպում է «Կեցցե Մարտի 8-ը` Կանանց միջազգային որը» պաստառներին: Դասական կրթություն ստացած կոմունիստական բարձր պաշտոնյան հարցնում է` ի՞նչ է նշանակում «կանանց միջազգային որը»: Տեղեկանալով «նորամուծությանը»` հաստատակամորեն շարունակում է` օրը գրվում է օ-ով: Այդպես, Անաստաս Միկոյանի արտահայտած հպանցիկ վերաբերմունքի շնորհիվ վերականգնվում են օ և է տառերը: Ազգային դասական ուղղագրության վերականգնումը, սակայն, ավարտին չի հասնում, քանի որ հայ ժողովուրդը պետականություն չուներ: Գործնականում այսօր էլ ոչինչ չի փոխվել, թեև լեզվի մասին ՀՀ օրենքում ասված է. «Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը»:
Հայտնի է, որ որևէ լեզվի հարստություն նախ և առաջ տվյալ լեզվի բառարմատների հարստությունն է: Դոկտոր, պրոֆեսոր Լևոն Խաչերյանը պարզել է, որ նույնիսկ քառասունականներին մասնակիորեն դասական ուղղագրությանը վերադառնալուց հետո քսանական թվականներին կատարած փոփոխությունների պատճառով հայոց լեզվի բառարմատների թիվը զգալիորեն կրճատվել է, այսինքն, բառացիորեն ոչնչացվել են հայերենի բազում բառարմատներ: Օրինակ, սեր-ը, գործող ուղղագրությամբ, զգացմունք արտահայտող սեր արմատն է և կաթի սերը: Հոտ գրելիս չգիտես` ոչխարի հոտի մասին է խոսքը, թե՞ ծաղիկների բույրի: Խոսուն փաստ է, որ հայոց լեզվի արմատական բառարանի վրա աշխատող Հրաչյա Աճառյանն անհնարին համարեց նոր ուղղագրությամբ այդ գործի իրականացումը և, բռնադատվելով հանդերձ, իրավունք ստացավ հայոց լեզվի արմատական բառարանը գրել դասական ուղղագրությամբ: Նույն կերպ վարվեց հայոց լեզվի բացատրական բառարան կազմող Մալխասյանցը:
Ֆիլմում խոսվում է նաև խաբեությունների մասին, որոնք տարածում են հայության հակառակորդները` միասնական ուղղագրության վերականգնման գործն ավարտին հասցնելու գաղափարի դեմ: Ավելի շուտ, քննարկվում են դրանցից մի քանիսը: Հակառակ այն կարծիքին, որ «խեղճ Խաչատուր Աբովյանն այդքան պայքարեց գրաբարի դեմ, հիմա ուզում են նորից գրաբար սովորենք», ասվում է, որ նա գրել է հիմնականում գրաբարով, իսկ Քանաքեռի բարբառով գրված «Վերք Հայաստանին» ասպարեզ է բերել նույն գրաբարյան, այն է` խնդրո առարկա դասական ուղղագրությամբ:
Հերքվում է նաև այն կարծիքը, թե դասական ուղղագրությունն արևմտահայերի ուղղագրությունն է: Իրականությունն այն է, որ այն հավասարապես ծառայել է հայերենի բոլոր չորս գրական լեզուներին:
Միասնական ուղղագրության վերականգնումը կարելի է իրականացնել մեկից երեք տարվա ընթացքում, ինչը կապված չէ մեծ ծախսերի հետ` հերքվում է հերթական «սուտը»: Այլ հարց է, եթե մեկ ամսվա ընթացքում անցնեին դասական ուղղագրության և արգելեին գործող ուղղագրությունը:
Բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Հովհաննես Զաքարյանը նշում է. «Ադրբեջանը, Տաջիկստանը և Մոլդովան անկախանալուց հետո ոչ միայն ուղղագրությունը, այլև ամբողջ գրային համակարգը փոխեցին: Ադրբեջանը և Մոլդովան ռուսատառ այբուբենը փոխարինեցին լատինատառ այբուբենով, իսկ Տաջիկստանում ռուսատառը փոխարինեցին արաբատառով»: «Մեզ մնում է սովորել ընդամենը մեկ թերթ կանոն և բառ` հանուն քո պատմության, քո անցյալի: Օտար լեզուներ սովորելու համար հաստափոր գրքեր ենք «կուլ տալիս»,- նկատում է Տ. Մեսրոպ քահանա Արամյանը և հավատացնում, որ եթե մարդն այսօր գրում է այնպես, ինչպես հինգերորդ դարում Մեսրոպ Մաշտոցը, դա շատ կարևոր է, որովհետև այդ գրելաձևի սիմվոլիկ տարածքի մեջ դարեր շարունակ ներդրում է կատարել ժողովուրդը:
Ազգային ուղղագրության ճանապարհի գլխավոր խոչընդոտը «լեզվագետների» գործունեությունն է, հասարակության անիրազեկությունը, մարդկային էությանը բնորոշ ծուլությունը. այսպիսին է ֆիլմի հեղինակների եզրահանգումը: Պարզվում է նաև, որ հայալեզու ինֆորմացիան համացանց ներմուծելու, մեքենայական թարգմանելու, փնտրելի դարձնելու ծավալային աշխատանքի ամենամեծ խոչընդոտն այսօր միասնական ուղղագրության բացակայությունն է. դասական ուղղագրությամբ լեզվի առանձնահատկությունը և բառակազմությունն առավելագույնս հասկանալի են: Ինչևէ, հայ տպագիր գրքի 500-ամյակը կարող է լավ առիթ հանդիսանալ խնդրի լուծման ճանապարհին, այսպես է կարծում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Ֆիլմում հնչում են Կոմիտասի «Հայաստան», Արթուր Մեսչյանի «Դեռ չի չորցել արմատը մեր ծառի…» երգերը, Ավետ Տերտերյանի ստեղծագործություններից: Առանցքապատումի հեղինակը Հայկազ Խաչատրյանն է: Ֆիլմում առկա գրավոր շարադրանքները ներկայացված են դասական ուղղագրությամբ:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4391

Մեկնաբանություններ